«Մանկագրական մոլորակի տարեգիր». այսպես են բնորոշել բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանին՝ նկատի ունենալով նրա նվիրումը հայ մանկական գրականությանը։ Եվ իրոք, նա այն եզակի գրականագետն է, ով հետևողականորեն, տասնամյակներ շարունակ իր գիտահետազոտական գործունեության շրջանակները «սահմանափակել» է հիմնականում մանուկներին ու պատանիներին հասցեագրված գրականության ուսումնասիրությամբ։ Վկա՝ տասնյակից ավելի գրքերը՝ նվիրված հայ մանկապատանեկան գրականության պատմության ու տեսության խնդիրներին, այդ թվում՝ արևմտահայ ու սփյուռքահայ մանկագրության, հայ դասական և ժամանակակից մանկական գրողներին («Ոսկեդարից» մինչև... 21¬րդ»՝ երկու հատորով, «Դասը վարում է գրողը»՝ չորս պրակով, «Մենք գալիս ենք մանկությունից», «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը»՝ հայերեն և ռուսերեն, «Արևմտահայ և սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն. պատմության ուրվագիծ», «Հետագիծ» և այլն)։
Մանկագրական այս շարքը վերջերս համալրվել է «Ինչպես հեքիաթի ձին...» մենագրությամբ՝ նվիրված ժամանակակից անվանի բանաստեղծ, մանկագիր, ՀՀ պետական («Է» բանաստեղծությունների ժողովածուի համար), ՀՀ նախագահի մրցանակների դափնեկիր («Վահագն Վիշապաքաղի արկածները» մանկական հեքիաթ¬վիպակի համար) հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանին։ Մանկական գրականության մասին հենց գրողի թևավոր խոսքն էլ դարձել է գրքի խորագիր. «Մանկական բանաստեղծությունը պետք է խոսի երեխայի հետ, պետք է թռչի նրա հետ, ինչպես հեքիաթի ձին...»։ Ինքը՝ Էդվարդ Միլիտոնյանը, հավատարիմ իր այս իմաստախոսությանը, ընթերցողներին նվիրել է «հեքիաթի ձիեր»՝ թամբերին «բազմեցրած» ոչ միայն հրաշալի բանաստեղծություններ, այլև արձակ բազմաժանր ստեղծագործություններ՝ վեպ, վիպակ, հեքիաթ, պատմվածք, պիես, գեղարվեստավավերապատում՝ մնայուն հետագիծ թողնելով անցած դարավերջի տասնամյակների և նոր դարասկզբի հայ մանկապատանեկան գրականության մայրուղում։ Եվ, ինչպես մենագրության հեղինակն է շեշտել, «երեխաների հոգեբանության ու մտածողության ճշմարիտ զգացողությամբ, ոճական զվարթ տարերքով, իրականի ու երևակայականի հետաքրքրաշարժ հյուսվածքով, գունագեղ պատկերներով, մանկական իսկական գրականությանը բնորոշ այլ ինքնատիպ յուրահատկություններով օժտված նրա ստեղծագործությունները մանուկ ու պատանի ընթերցողական սերունդների բարի ուղեկիցներն են»։
Այդ հատկանիշները իրենց գնահատանքի խոսքերում (որոնք մեջբերված են գրքում) տարբեր առիթներով հաստատագրել են նաև Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Սերգեյ Սարինյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հենրիկ Սևանը, Սուրեն Մուրադյանը, Վազգեն Գաբրիելյանը, Ղուկաս Սիրունյանը և ուրիշներ։
Գրողի ստեղծագործական «մանկաշխարհի» յուրահատկությունները մենագրությունում երևակվում են ինչպես նրա բանաստեղծությունների ժողովածուների («Ամպե որսորդից» մինչև «Բարձերով կռիվ»), այնպես էլ մանկապատանեկան արձակի («Իրական հեքիաթների մի զարմանալի աշխարհ»), մանկական պիեսների, գեղարվեստավավերագրքերի հանգամանալից վերլուծությամբ։ Նրա և՛ մեծական, և՛ մանկական շատ ստեղծագործություններ թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, բուլղարերեն, բելառուսերեն և այլ լեզուներով։ Գրքում անդրադարձ է կատարվել նաև Էդվարդ Միլիտոնյանի՝ այլ լեզուներով թարգմանված ստեղծագործություններին, մի հանգամանք, որով հնարավորություն է ընձեռվել օտարազգի ընթերցողներին Հայաստանն ու հայ երեխաներին ճանաչել նաև Միլիտոնյանի «մանկաշխարհում» ճանապարհորդելու միջոցով։ Ավելորդ չէ նշել, որ հենց թարգմանական այս «կամուրջն» է առաջին հերթին գնահատանքի առիթ հանդիսացել՝ արժանանալու նաև այլ երկրներից նրան շնորհված պարգևների։ Այս տարվա փետրվարին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով Միլիտոնյանը պարգևատրվել է երկրի գրական գլխավոր՝ Ֆրանցիսկ Սկորինայի շքանշանով՝ մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման, տեղեկատվության և հրատարակչության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև արտերկրում բելառուսական մշակույթը և գրականությունը հանրահռչակելու համար։ Հայ¬ռուսական գրական կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար էլ նա արժանացել է Ալեքսանդր Գրիբոյեդովի և Միխայիլ Լերմոնտովի անվան մեդալների։
Լյուդվիգ Կարապետյանի այս աշխատությունը կարող է նաև օժանդակ ուղեցույցի դեր կատարել դպրոցականների, գրականության ուսուցիչների, գրադարանավարների համար՝ ժամանակակից մանկապատանեկան գրականությանն ու մանկական գրողներին նվիրված միջոցառումներ կազմակերպելիս։
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
ք. Ջերմուկ